AM
16 Փետրվար 2017 - 10:07 AMT

ՄԻՊ. Փաստաբանների աշխատանքը քրհիմնարկներում պետք է պաշտպանվի, պարզաբանումներ են պահանջվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են մի շարք փաստաբանների հրապարակային պնդումներն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում փաստաբանների համար ստեղծվում են խոչընդոտներ: Խոսքը հատկապես վերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին իրենց պաշտպանյալների հետ:

Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների՝ քրեակատարողական ծառայողների կողից ստեղծվում են խոչընդոտներ՝ կապված պաշտպանյալների հետ փաստաբանների առանձնազրույցների, փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի, փաստաբանների մոտ առկա փաստաթղթերը ստուգման ենթարկելու հետ և այլն: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանմանը տեղեկացրել է նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքը և հատկապես՝ նրանց աշխատանքը քրեակատարողական հիմնարկում ենթակա է բարձր պաշտպանության: Իրավաբանական օգնությանը, փաստաբանական գաղտնիքին առնչվող փաստաթղթերը կամ տեղեկատվական կրիչներն անձեռնմխելի են: Դրանք չեն կարող հասանելի լինել նաև քրեակատարողական ծառայողներին:

Փաստաբանը պաշտպանված է նաև խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը:

Հաշվի առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի պահանջները՝ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Օրենքի պահանջի համաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացված են փաստաբանների հրապարակային մտահոգություններում: Պարզաբանումների պահանջ ներկայացնելիս հաշվի է առնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս հարցում կհամագործակցի նաև մտահոգություն ներկայացրած փաստաբանների հետ:

ՀՀ մի շարք փաստաբաններ հայտարարել են, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներում մեր նկատմամբ կիրառվում կամ գործադրվում են օրենքից դուրս և կամայական սահմանափակումներ, ստեղծվում ոչ իրավաչափ և արհեստական խոչընդոտներ, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ կարգով իրականացնել մեր մասնագիտական գործունեությունը: