AM
18 Սեպտեմբեր 2007 - 13:29 AMT

«Տրանսեվրո էներջի» ընկերությունն սկսել է գազի որոնումները Հայաստանում

Աշխարհում գազի եւ նավթի պաշարներ փնտրող «Տրանսեվրո էներջի» կանադական ընկերությունն արդեն սկսել է գազի որոնումները Հայաստանում, մասնավորապես Արմավիրի մարզի Կարմիր բնակավայրում գտնվող հորատանցքում, հաղորդում է Trading Markets: Աշխատանքի առաջին արդյունքները սպասվում են տարեվերջում:

«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք կոմերցիոն նպատակով ուսումնասիրություններ ենք անցկացնում, ներդնում ենք անհրաժեշտ սարքավորումներ եւ հուսով ենք, որ հաջողության կհասնենք», – ասել է ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մայք Սմիթը: – «Մենք ուսումասիրել ենք այս պահին հայտնի բոլոր փաստերը, համեմատել դրանք մեր կատարած հետազոտությունների հետ եւ եկել այն եզրակացության, որ Հայաստանում գազ գտնելու հնարավորությունը մոտ 50 տոկոս է: Այդուամենայնիվ, 50 տոկոսով էլ հավանական է, որ գազի փոխարեն ուղղակի ջուր լինի»,- հայտարարել է ընկերության հայկական բաժնի ղեկավար Մայք Սմիթը: Ընկերությունը առաջիկա ամիսներին ուսումնասիրություններ է անցկացնելու ընդերքում` մոտ 2500 մետր խորության վրա: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեր գործունեությունը մտնում է կիրառական փուլ, ընդ որում, կանխատեսվում են լուրջ արդյունքներ: Գնալով մեր աշխատանքն ավելի ու ավելի գրավիչ է դառնում», – ըստ պաշտոնական հաղորդագրության` հայտարարել է ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հարոլդ Հեմերիխը: «Ոչ միայն գրավիչ, այլեւ շատ դժվար», – իր հերթին հավելել է ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը: – «Հայաստանում գազ կամ նավթ որոնելու համար հսկայական ջանք ու եռանդ է պահանջվում: Այստեղ համապատասխան արտադրություն չկա, այնպես որ` անհրաժեշտ սարքավորումները ներմուծում ենք դրսից: Ստիպված ենք ոչ միայն հսկայական ժամանակ վատնել, այլեւ մի լավ քրտնել ու ավելի թանկ գին վճարել»: Այդուամենայնիվ, «Տրանսեվրո էներջի» ընկերությունը լավատես է, որ իր գործադրած ջանքերը զուր չեն անցնի, եւ ընդամենը մեկ-երկու ամսից իրենք կհայտարարեն հորատումների դրական արդյունքների մասին: «Կա՞ արդյոք Հայաստանում գազ, թե՞ ոչ` նախատեսում ենք բոլորիս հուզող այս հարցի պատասխանը ստանալ հոկտեմբերի վերջին – նոյեմբերի սկզբին», – ասել է Մայք Սմիթը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշենք, որ ընկերությունը այժմ նավթի եւ գազի որոնողական աշխատանքներ է տանում նաեւ Ուկրաինայում, Կանադայում եւ Նոր Գվինեայում: