Հարավային Կովկասի մշակութային ժառանգության հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Էդուարդ Օ’Հարայի այցելության հարցը նորից քննարկվելու է կազմակերպության աշնանային նստաշրջանի շրջանակներում: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆաել Հուսեյնովի խոսքերով, հարցը նորից քննարկվելու է Մշակույթի, գիտության եւ կրթության կոմիտեի եւ Մշակութային ժառանգության ենթակոմիտեի նիստին: «Օ’Հարան ցանկանում էր այցելել Ադրբեջան, սակայն Լեռնային Ղարաբաղ նա ծրագրում էր այցելել Հայաստան: Մենք դա ճիշտ չենք համարում եւ նախօրոք հայտարարել ենք մեր պայմանների մասին»,- ասել է Հուսեյնովը:
Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն շահագրգռված է, որպեսզի զեկուցողը տեղում ուսումնասիրի Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ պատմական հուշարձանների վիճակը:
«Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժան մասը, եւ զեկուցողը պետք է այցելի տարածաշրջան Ադրբեջանի տարածքով: Օ’Հարան միջազգային կազմակերպություն է ներկայացնում եւ այդ պատճառով կապահովվի նրա անվտանգությունը»,- ընդգծել է Հուսեյնովը, գրում է «Զերկալո» թերթը:
Հիշեցնենք, որ Օ’Հարայի այցը Հարավային Կովկաս 2005 թվականի վերջում էր ծրագրված: Այցելության ամսաթիվը մի քանի անգամ տեղափոխվել է: Վերջին անգամ Օ’Հարայի այցելությունը տարածաշրջան նշանակված է 2007 թվականի օգոստոսի 29-սեպտեմբերի 6, հայտարարվել էր այցելության ծրագիրը, սակայն այս անգամ էլ նա չկարողացավ այցելել տարածաշրջան ադրբեջանական կողմից հակազդեցության պատճառով:





