AM
22 Սեպտեմբեր 2007 - 11:25 AMT

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնում է ԵԱՀԿ ՄԽ-ին ՄԱԿ-ի ազդեցությա՞մբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ակտիվացնեն իրենց գործնեությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ կազմում Ադրբեջանը մտադիր է շարունակել գործնեությունը ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի դիտարկման համար հետխորհրդային տարածքում առկա այլ սառեցված հակամարտություններին զուգահեռ:

«Դա որոշակի ազդեցություն կլինի Մինսկի խմբի վրա: Չէ որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդությունը համանախագահների անձնական գործը չէ, այլ միջազգային խնդիր: Ի պատասխան նրանց նկատմամբ տածած վստահության, անպայման պետք է կոնկրետ, արդյունավետ ջանքեր ներդրվեն»,- ասել է Ազիմովը: Փոխնախարարը նաեւ նկատել է, որ Ադրբեջանն օգտագործելու է բոլոր միջոցներն ու հնարավորությունները իր դիրքորոշումը միջազգային կազմակերպություններին հասցնելու համար, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգի 16-րդ կետում նշված է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտությունների հարցը, եւ նրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա»: