«Ղարաբաղյան հակամարտությունն ոչ թե սառեցված է, կամ մոռացված, այլ քնած», երեկ Լոնդոնում «Խաղաղության հեռանկարները Լեռնային Ղարաբաղում» թեմայով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նա հաշվետու է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի մասին, նշելով, որ գործընթացն այդպես էլ չշարժվեց մեռյալ կետից: «Թեեւ ամեն ինչ կախված է կողմերի քաղաքական կամքից»,-նշել է նա:
Կասպրշիկը ափսոսանքով նշեց նաեւ ճակատային գծում զինված ուժերի կորուստների փաստերը:
Իր հերթին Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին իր ելույթում հայտարարեց, որ ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը կարող է դրական անդրադառնալ հակամարտության կարգավորման վրա:
Ռազմավարական գիտությունների միջազգային ինստիտուտում ընթացող խորհրդաժողովի կազմակերպիչներն են «Նախաձեռնության կոնսորցիում» կոալիցիան, որը միավորում է մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում նաեւ «Consoliation Resources», «Link» եւ «International Alert» կազմակերպությունները: Այդ ոչ կառավարական կազմակերպություններն անմիջականորեն զբաղվում են հակամարտություններով եւ ունեն Կովկասում առկա հակամարտությունների հետ աշխատելու փորձ:
Խորհրդաժողովին մասնակցել են նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, Հայ-ամերիկյան առեւտրային պալատի նախագահը, Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ, Ադրբեջանի եւ Հայաստանի ՈԿԿ-ի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ Բի-Բի-Սի-ից, «Գարդիանից», Աբերդինի եւ Քեմբրիջի համալսարանների ներկայացուցիչներ, հաղորդում է «Թրենդը»:





