AM
28 Սեպտեմբեր 2007 - 15:00 AMT

Եվրոպան շահագրգռված է հարավկովկասյան տարածաշրջանի կայունության մեջ, որի դերը աճում է ամեն տարի

Հարավային Կովկասում հակամարտությունների չկարգավորվածությունը, բացի ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունից եւ խոչընդոտումից տնտեսական զարգացմանը, բազմաթիվ այլ բացասական հետեւանքներ եւս ունի: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Մասնավորապես, նրա խոսքերով, գտնվելով մեկուսացման մեջ եւ չունենալով շփվելու հնարավորություն` երկրներում նոր սերունդ է աճում, որի աչքերում հստակ հաստատվել է թշնամու կերպարը ի դեմս հարեւան երկրի քաղաքացիների, ինչը էլ ավելի է բարդացնում հակամարտության կարգավորման հնարավորությունը: Ինչպես հայտնել է Սեմնեբին, ունենալով սեփական շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, այնպես էլ Կենտրոնական Ասիայի հետ համագործակցության ակտիվացման տեսանկյունից, Եվրոպան շահագրգռված է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության մեջ, որի դերը աճում է տարեց տարի: Այս տեսանկյունից, նկատել է Սեմնեբին, ԵՄ-ն շահագրգռված է հակամարտությունների կարգավորման եւ Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների հաստատման մեջ: Հիշեցնելով, որ ԵՄ-ն անմիջականորեն չի մասնակցում հակամարտությունների կարգավորման գործընթացին` նա նկատել է, որ այդ հարցում Եվրամիության ֆունկցիայի մեջ է մտնում «աջակցությունը ջանքերին, որոնք նախաձեռնվում են հակամարտությունների կարգավորման համար»: Մասնավորապես, տեղեկացրել է նա, դա ենթադրում է ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծումը հակամարտությունների գոտիներում, ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը, որոնք արդեն իրականացվել են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, նախագծեր, որոնք ուղղված են հակամարտող երկրների հասարակությունների միջեւ վստահության վերականգմանը եւ այլն, հաղորդում է Regnum-ը: