Արցախի Մարտունի քաղաքի նոր թաղամասում կառուցված 4 շենքը մոտ ժամանակներս շահագործման կհանձնվեն: Այս մասին տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարո Թովմասյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:
«Այդ 93 բնակարանը տրամադրվելու են զոհված զինծառայողների, սպայական անձնակազմի և սոցիալապես անապահով ընտանիքներին»,- ասել է նա:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ նոր թաղամասում կառուցվում է ևս 4 քառահարկ բնակելի շենք։
«Երկու շենքի շինարարական աշխատանքներն արդեն 1 շաբաթ է, ինչ սկսվել են: Շենքերի նկուղային հարկերը նախատեսված են ապաստարանների համար:Կառուցվելիք շենքի բնակիչներն ևս ունենալու են խաղահրապարակ»,- ասել է նա ու հավելել, որ շենքերի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Դրանք շահագործման կհանձնվեն 2 տարի անց:
2016-ի սեպտեմբերին բացվել է նաև Մարտունու վերակառուցված մանկապարտեզը:





