«Ցավոք, մենք բախվեցինք ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբիի ճնշման ներքո հորինված ցեղասպանության վերաբերյալ նախագծի հետ կապված բարդությունների հետ: Նույնիսկ եթե նախագահ Բուշը դեմ է դրան, միշտ կա Կոնգրեսի կողմից նման որոշում կայացնելու հավանականությունը»,-հայտարարել է Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի տեղակալ, պատգամավոր Օնուր Օյմանը: Պատգամավորը կարծում է, որ եթե ամերիկացի օրենսդիրներն ընդունեն այդ փաստաթուղթը, դա վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին:
«Դա նաեւ կհանգեցնի թուրք-հայկական հարաբերությունների վատթարացմանը: Այդ կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ կառավարությունը կխոչընդոտի «Հայոց ցեղասպանության» մասին բանաձեւի նախագծի ընդունմանը: Եթե Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի, «Թուրքիան այնպիսի միջոցներ կձեռնարկի, որոնց բացասական ազդեցությունը կզգա յուրաքանչյուրը»,-հայտարարել է Օ.Օյմանը:
Թուրք դիվանագետը նշել է, որ Արդարության եւ զարգացման իշխող կուսակցությունը չի կարող բավարար չափով խանգարել ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունմանը:
«Պետք էր կոնգրեսականներին Թուրքիա հրավիրել եւ ներկայացնել մեր փաստարկները»,-գտնում է Օ.Օյմանը:-Օրինակ, Իրաքում ամերիկացի զորքերի մատակարարումն իրականացվում է Թուրքիայի տարածքով: Հայաստանն իր պահանջների մեծ մասը բավարարում է Թուրքիայի միջոցով: Այստեղ հնարավարություններ կան որոշման կայացմանը խանգարելու համար, սակայն Թուրքիան չկարողացավ բավարար չափով պարզաբանել այդ հարցը», հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կայանալու է հոկտեմբերի 10-ին:





