AM
16 Հոկտեմբեր 2007 - 11:58 AMT

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Հյուսիսային Իրաք ներխուժման մասին օրինագիծը

Թուրքիայի կառավարությունը երկրի խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ է տալիս թուրքական բանակին ռազմական ներխուժում իրականացնել Հյուսիսային Իրաք Քրդական աշխատանքյին կուսակցության գրոհայիններին ոչնչացնելու նպատակով: Սպասվում է, որ խորհրդարանը, հնարավոր է, հավանություն տա կառավարության նախաձեռնությանը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում են թուրք զինվորականները, խորհրդարանի հավանությունը չի նշանակում, որ Իրաքի հետ սահմանամերձ գոտում անմիջապես պատերազմական գործողություններ կսկսվեն: «Դա կախված կլինի տարվա եղանակից, գործողության կոնկրետ նպատակներից եւ բազմաթիվ այլ գործոններից: Այսօր որոշակի ոչինչ չի կարելի ասել»,- հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Էրգին Սայգունը: Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից ստեղծված օրենքի նախագիծը նախատեսում է թույլ տալ թուրք զինվորականներին քուրդ անջատողականների դեմ ռազմական գործողություններ անցկացնել Իրաքի հյուսիսում մեկ տարվա ընթացքում:

Որոշ գնահատականներով, Թուրքիայի հետ սահմանամերձ Իրաքի շրջաններում գտնվում է Քրդական աշխատանքային կուսկացության մոտ 3500 գրոհային, ովքեր զինված պայքար են մղում թուրքական բանակի եւ օրինապահների դեմ, պահանջելով պետական անկախություն տրամադրել Թուրքիայի քուրդ փոքրամասնությանը: Վերջերս թուրքական Քրդստանում կառավարական բանակի 13 զինվոր է սպանվել, իսկ ընդհանուր առմամբ, ողջ ամռան ընթացքում քուրդ գրոհայինների ձեռքից զոհվել է ավելի քան հարյուր մարդ: Ի պատասխան, Թուրքիայի իշխանությունները հրետանային գնդակոծման են ենթարկել Հյուսիսային Իրաքի քրդական գյուղերից մեկը եւ հայտարարել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ անցկացնելու պատրաստակամության մասին: Այդ մտադրությունները զգուշավորությամբ են ընդունվել ԱՄՆ-ի կողմից, որոնք դրանում Իրաքի իրավիճակի ապակայունացման սպառնալիք են տեսնում, հաղորդում է AFP-ն: