AM
20 Հոկտեմբեր 2007 - 11:10 AMT

Չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչներին չեն հրավիրել «սառեցված հակամարտությունների» հարցով ԵԽԽՎ լսումներին

2007 թվականի նոյեմբերի 5-6 Բեռլինում կայանալու են «Սառեցված հակամարտությունների» հարցերով ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի լսումները: Լսումներին մասնակցելու համար, բացի Մոնիթորինագյին կոմիտեի անդամներից եւ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ռուսաստանից ժամանած փորձագետներից, հրավիրվել են Մոլդավիայի, Վրաստանի, Հայաստանի ու Արդբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարները: Ինչպես հաղորդել են «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքների» Համագործակցության մասնակից-երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունում (ԺԺԻՀ ՄԽՎ), ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի լսումներին մասնակցելու համար չեն հրավիրել շահագրգիռ կողմերին` Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա եւ Ղարաբաղ:

ԺԺԻՀ ՄԽՎ քարտուղարությունը տարակուսանք է հայտնել, որ չեն հրավիրել Մերձդնեստրի Մոլդավիայի Հանրապետության, Աբխազիայի Հանրապետության, Հարավային Օսիայի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին, տվյալ գործոն համարում է ոչ ժողովրդավարական եւ հույս է հայտնում, որ լսումներին մասնակցելու հրավերներ, այնուամենայնիվ, կուղարկվեն: ԺԺԻՀ ՄԽՎ-ն տվյալ հարցը մտադիր է ընդգրկել վեհաժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում, որը ծրագրված է անցկացնել 2007 թվականի հոկտեմբերի 29-ին Մոսկվայում, հաղորդում է Regnum-ը: