AM
22 Հոկտեմբեր 2007 - 11:28 AMT

Իրանն ու Հայաստանն ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ

Իրանն ու Հայաստանը ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ, երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա պաշտոնական այցով Երեւան մեկնելուց առաջ: «Պարսիկ եւ հայ ժողովրդներին միավորում է ընդհանուր մշակույթը, մեր երկրները նաեւ ընդհանուր տեսակետներ ունեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ»,-ասել է Ահմադինեժադը լրագրողներին:

Նրա խոսքերով, երկու երկրների առեւտրատնտեսական կապերն ընդլայնվում են, հատկապես էներգետիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտներում: «Մենք լավ ենք համագործակցում ներդրումների ոլորտում, որը, հուսով եմ, իր հետագա զարգացումը կստանա»,-ասել է Ահմադինեժադը:

«Կարծում եմ, որ իմ այցելությունը Հայաստան դրական արդյունքներ կունենա մեր երկրների համար»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմեդ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսսեյն Նոզարին, Իսլամական Հանրապետության պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: