AM
23 Հոկտեմբեր 2007 - 09:15 AMT

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը փորձելու է համոզել Իրաքին «միջոցներ ձեռնարկել քուրդ գրոհայինների գործունեությունը դադարեցնելու համար»

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը մեկնել է Բաղդադ, որպեսզի համոզի Իրաքի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց տարածքում քուրդ գրոհայինների գործունեությունը դադարեցնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը հղում կատարելով անանուն աղբյուրներին: Սպասվում է, որ իր ացյելության ընթացքում նա բանակցություններ կանցկացնի Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկիի եւ այլ ղեկավարների հետ:

Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը երկրի կառավարությանը Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) գրոհայինների դեմ ռազմական գործողություններ անցկացնելու լիազորություններ է տվել: Թուրք զինվորականների տվյալներով, այնտեղ մոտ 3,5 հազար անջատողական է կենտրոնացած:

Շաբաթ լույս կիրակի գիշերը Իրաքի հետ սահմանակից Խակյարի շրջանում քուրդ գրոհայինները հարձակվել են թուրքական բանակի ստորաբաժանումներից մեկի վրա: 12 զինվորական զոհվել է, 16-ը` վիրավորվել: Եւս ութ թուրք զինվորական գերեւարվել է անջատողականների կողմից:

Այդ տեղեկատվությունը երկուշաբթի հաստատել է Թուրքիայի Գլխավոր շտաբը, հաղորդելով, որ հրետանու եւ ավիացիայի օգտագործմամբ սահմանամերձ ռազմական գործողության արդյունքում ոչնչացվել է 34 քուրդ գրոհային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: