AM
26 Հոկտեմբեր 2007 - 11:02 AMT

Հոլանդացի պատգամավորը խնդրում է Նիդերլանդների պետքարտուղարին բացատրել, թե ինչու Թուրքիան չի հրաժարվում 301-րդ հոդվածից

Նիդերլանդների Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Հենկ Յան Օրմելը գրավոր հարցապնդմամբ դիմել է Նիդերլանդների արտաքին գործերի պետքարտուղար Ֆրանս Թիմմերմանսին` Թուրքիայում «Ակոս» հայ-թուրքական թերքի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդու դատապարտման կապակցությամբ, որին Թուրքիայի ՔՕ «ազգային արժանապատվությունը վիրավորելու» համար 301 հոդվածով դատապարտել են պայմանական ազատազրկման: Օլմերը հարցնում է պետքարտուղարին, թե ինչպես բացատրել, որ թուրքական կառավարությունը հրաժարվում է չեղյալ հայտարարել այդ հոդվածը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության` FAON մամլո քարտուղար Ինգե Դրոստը, Հոլանդիայի նախկին արտգործնախարար Բեն Բոտը հավաստիացրել էր հոլանդական խորհրդարանին, թե Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը սեղմ ժամկետում կխմբագրվի: «Այնուհետեւ նա անհատական հայտարարություն էր հղել Թուրքիայի ԱԳ նախկին նախարար, այժմ նախագահ Աբդուլլահ Գյուլին, ինչպես նաեւ Նիդերլանդներում Թուրքիայի դեսպանին: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել: Պատգամավոր Օլմերը ցականում է իմանալ, պատրաստվում է արդյոք Թիմմերմանսը պնդել, որ 301-րդ հոդվածը չեղյալ հայտարարվի, ԵՄ համատեքստում»,-ասել է Դրոստը:

Հիշեցնենք, որ Արատ Դինքը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման` «Ակոս» թերթում Հրանտ Դինքի Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցը կրկին անգամ հրատարակելու համար: Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի փետրվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով: