Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է հրապարակել Վրաստանում տիրող իրավիճակի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունների կապակցությամբ. վերջինս հայտարարել էր, որ երկրում քաղաքական իրավիճակի լարվածության ետեւում կանգնած են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Վրաստանի իշխանությունները նոր թշնամական քայլ են կատարել Ռուսաստանի նկատմամբ: Ելույթ ունենալով Ազգային հեռուստատեսությամբ` Մ. Սահակաշվիլին բազմաթիվ մեղադրանքներ է առաջ քաշել, հիշատակելով արդեն ձանձացրած դժգոհությունները մեր խաղաղապահներից եւ պատմությունները մեր հետախույզների մասին: Սակայն նոր բան էլ են հայտնվել. պարզվում է, որ Վրաստանում զանգվածային հանրահավաքները եւս Մոսկվայի ձեռքի գործն է:
Այդպիսով, վրացական ղեկավարությունը շարունակում է թշնամու կերպար ձեւավորել ի դեմս Ռուսաստանի: Ինչու է դա արվում, հասկանալի է: Պետք է արդարացնել ներկա կառավարության սոցիալ-տնտեսական կուրսի ձախողումը, բնակչության աղետալի վիճակը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ խնդիրներին կառուցողական լուծում տալու ցանկության բացակայությունը, երկրի ղեկավարության ավտորիտարությունը, ժողովրդավարական ազատությունների քամահրանքը, որը առավել քան տեսանելի արտահայտություն է գտել Թբիլիսիի փողոցների վերջին իրադարձություններում:
Հերթական անգամ վրաց իշխանությունները բազմաթիվ ներքին խնդիրները փորձում են բարդել «արտաքին թշնամու արարքների» վրա, իսկ դժգոհներին հայտարարում են նրանց ագենտներ:
Մ. Սահակաշվիլիի ելույթի պաթոսը հանգում է մեկ մտքի. արտաքին սպառնալիքի պատճառով Վրաստանի քաղաքացիները պետք է ներեն նրա բոլոր մեղքերը եւ հաշտվեն, որ նա «կարգուկանոն է հաստատում ուժեղ ձեռքով»:
Մոսկվայում վրացական իշխանությունների այդ հերթական քայլը գնահատում են որպես քաղաքականապես անպատասխանատու սադրանք: Դրան համապատասխան պատասխան է տրվելու: Ընդ որում, Ռուսաստանը հավատարիմ է մնալու իր պարտականություններին վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կարգավորմանն աջակցելու հարցում: Մենք չենք պատասխանի սադրանքներին, կմնանք խաղաղության հուսալի երաշխավոր, գործելով ըստ ՄԱԿ-ի Օրանսդրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների:
Ցանկանում ենք կոչ անել նրանց, ովքեր ուղղակիորեն ազդում են Թբիլիսիի վրա, կանխել վրաց ղեկավարության հետագա ապակառուցողական քայլերը, որոնք հղի են անկանխատեսելի հետեւանքներով: Հուսով ենք, որ մեզ տրված նմանատիպ խոստումները կիրականացվեն»:





