Հայաստանի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք երկիրը կզարգացնեն: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում՝ հավելելով, որ ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է։
Վարչապետի խոսքով՝ կրթական ոլորտում անհրաժեշտ են կառուցվածքային ու բովանդակային բարեփոխումներ, հայտնում է Aysor.am-ը։
Նա ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։
Կարեն Կարապետյանը Լևոն Մկրտչյանին հանձնարարել է երկամսյա ժամկետում, ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված, հաստատման ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը։
«Մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել գյուղական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախաձեռնությունների ծրագրերի ստեղծման վերբարեյալ նախագիծը, իսկ երկմասյա ժամկետում լրամշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը», – ասաց վարչապետը։
Նա հանձնարարել է նաև չորսամսյա ժամկետում մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, իսկ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման վերաբերյալ։





