Մայիսի 12-ից 13-ը Բեռլինում կայացել է Study World–2017 ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որում ներկայացվել է մոտ 150 համալսարան աշխարհի տարբեր երկրներից:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Հայաստանից առաջին անգամ վերոնշյալ միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը:
Ցուցահանդեսի շրջանակներում հայաստանյան ԲՈՒՀ-երը ներկայացրել են իրենց կրթական ծրագրերը, Հայաստանում ուսանելու հնարավորություններն ու առավելությունները:





