Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան բաժանմունքի (ANC-WR) ակտիվիստների հետ: ANC-WR հոգաբարձուների խորհրդի անդամ Զանգու Արմենյանի խոսքերով, բաժանմունքի աշխատանքը կայանում է նրանում, որ Վաշինգտոնում առավել լավ տեղեկացված լինեն Արցախում կատարվող փոփոխությունների եւ հաջողությունների մասին: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն կտա Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրմանը, որը կօգնի Արցախի ժողովրդին ամրապնդել հասարակությունն ու տնտեսությունը»,-ասել է նա:
Իր հերթին Բակո Սահակյանը անդրադարձել է Արցախի համար կարեւոր մի քանի հարցերի, մասնավորապես` ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ 2006 թվականի զեկույցում այն պնդման շտկումը թե Հայաստանը օկուպանտ երկիր է, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԼՂՀ-ին հատկացվող օժանդակության շարունակությունը նաեւ 2008 ֆինանսական տարում, աջակցությունը ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության կառուցմանն ուղղված բարեփոխումների գործընթացին, ինչպես նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման գործընթացին:
Նշենք, որ ԼՂՀ նախագահը ԱՄՆ-ում է գտնվում` նոյեմբերի 22-ին, Երախտագիտության օրը կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով





