AM
5 Դեկտեմբեր 2007 - 13:22 AMT

Մոսկվան հակված չէ խոսել Իրանի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման թուլացման մասին

Մոսկվան հակված չէ խոսել Իրանի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման թուլացման մասին ԱՄՆ-ում ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցի հրապարակումից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ես չէի որակի ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես թուլացում կամ այլ կերպ: Խոսքը գնում է այն մասին, որ հանրությանն են ներկայացվել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ստացված տվյալները: Այդ տվյալները հաստատում են այն եզրահանգումը, որն ունեինք նաեւ մենք. այսօր որեւէ քայլեր չեն կատարվում ռազմական միջուկային ծրագրի ուղղությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ջալիլի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ռուս նախագահը կոչ է արել իրանական ղեկավարությանը ուշադրությամբ վերաբերվել այն կոչերին եւ պահանջներին, որոնք կան ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման մեջ եւ ընդգրկում են Իրանի եւ այդ կառույցների լիարժեք համագործակցությունն այն հարցերով, որոնք մինչեւ վերջ պարզաբանված չեն:

«Այդ կոչերը վերաբերում են նաեւ ուրանի հարստացման աշխատանքը սառեցնելու անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա անմիջապես անցնել բանակցությունների այն հարցերի խմբի շուրջ, որոնք հետաքրքրում են միջազգային հանրությանը»,- ընդգծել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում հրատարակվել է ԱՄՆ-ի հետախուզության մինչ այդ գաղտնի զեկույցը, որում ուղղակիորեն նշվում է, որ Իրանը չի աշխատում է ատոմային ռումբի ուղղությամբ 2003 թվականից, պնդում է ԱՄՆ հետախուզությունը: Ընդ որում, փաստաթղթի հեղինակները ընդգծում են. Իսլամական Հանրապետությունը շարունակում է ուրանի հարստացումը, այնպես որ կարող է ստանալ միջուկային սպառազինություն 2010-ից 2015 թվականներին: Դեռեւս տվյալներ չկան` երբ է կազմվել այդ զեկույցը: