Արցախի վարչապետի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է արևային էներգիայի ոլորտի հնարավորությունների ուսումնասիրություն: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
«Վարչապետը հստակ հանձնարարական է տվել՝ սահմանել ժամանակացույց: Վեցամսյա ժամկետում պետք է մեր մասնագետներն ուսումանսիրեն արևային էներգիայի ոլորտի հնարավորությունները: Ներկայում այդ փուլում ենք, ուսումնաիրություններն ավարտելուց հետո կներկայացնենք կոնկրետ առաջարկներ արևային էներգիայի ոլորտը զարգացնելու համար»,- ասել է Գաբրիելյանը և նշել, որ Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի, հայտնում է Արցախպրեսը:
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ այժմ քարտեզագրման աշխատանքներն են իրականացվում, տարածքներ են առանձնացվում:
«Ուսումնասիրություններն ավելի կոնկրետ ցույց կտան, թե որ հատվածներում կարող ենք արևային կայաններ տեղադրել: Համոզված եմ, որ բավական մեծ հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար: Ոլորտով հետաքրքվող ներդրողներ կան: Նրանց կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացվեն: Հետևաբար ուսումնասիրություններն ավարտելուց հետո Արցախի կառավարությունը թիրախավորված կաշխատի ներդրողների հետ»,- հավելել է Գաբրիելյանը:
Ապրիլի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ, «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որԱրցախում արևային էներգետիկայի դասավանդում է սկսվելու:
Կարդացեք նաև՝ Հայկ Հարությունյան. Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի





