Ելնելով միջազգային փորձագետների հետ շփումների փորձից` կարող եմ ասել, որ վերջին տարիներին փորձագիտական ընկերակցությունն ավելի է հակվում ԼՂՀ անկախության ճանաչման տարբերակին կամ ՀՀ-ի հետ միավորմանը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը: «Մեր տարածաշրջանով զբաղվող շատ մասնագետներ բացառում են վերադարձը 1988-ի ստատուս-քվոյին»,-ընդգծել է նա:
Ըստ Մ.Աիլյանի, այն, որ ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորմանգծով Մինսկի խմբի յուրաքանչյուր նման հանդիպումից հետո կողմերի դիվանագետներն իրարամերժ հայտարարություններ են անում` արդեն չի զարմացնում գոնե այն մարդկանց, ովքեր ուշադիր հետեւում են կարգավորման գործընթացին: «Տվյալ կոնկրետ հարցում մնում է ենթադրել, որ այստեղ, ավելի շուտ, խոսքը գնում է հանրաքվեի (պլեբիսցիտ) հարցի մասին, որն ուղղակի առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Տվյալ պարագայում, իմ կարծիքով, կողմերը ասում են ճշմարտությունը, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը: Այլ կերպ ասած` տեղեկատվությունը հրամցնում են իրենց համար շահեկան լույսի ներքո»,-ասել է Մ.Մաիլյանը:
ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարարը նշել է, որ այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք հայկական ղեկավարությունն իր համաձայնությունը տվել է մյուս բոլոր սկզբունքներին, թե՞ ոչ, ապա ըստ իր ունեցած տեղեկությունների` խորհրդատվություններն անցկացվում են «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ չէ համաձայնեցված» սկզբունքով: «Անգամ եթե ենթադրելու լինենք, որ կան որոշակի պայմանավորվածություններ կարգավորման մի շարք սկզբունքների շուրջ, ապա, միեւնույն է, մինչեւ փաստաթղթի ամբողջական համաձայնեցումը այդ պայմանավորվածությունները պայմանական բնույթ են կրելու: Կարծում եմ, որ եթե Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ, ճանաչվի, ապա այդ հարցում այն մեզ համար կարժեվորվի նրանով, որ այդ երկրամասը անկախ պետականություն է ձեռք բերել ոչ թե նախկին մետրոպոլիայի բարի կամքի շնորհիվ, այլ վերջինիս կամքին հակառակ: Շուտով մենք տոնելու ենք ղարաբաղյան շարժման նոր փուլի 20-ամյակը: Այդ տարիների ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել են երկու տասնյակից ավելի նոր պետություններ: Բայց, ի տարբերություն Կոսովոյի, այդ երկրներն անկախության են հասել կենտրոնական իշխանություների համաձայնությամբ (Եթովպիա – Էրիտրեա, Ինդոնեզիա – Արեւելյան Թիմոր եւ այլն): Քանի որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ ոչ միայն ԼՂՀ անկախությունը ճանաչելու, այլ նույնիսկ բանակցելու նրա հետ, ապա կոսովյան նախադեպը կարող է օգտակար լինել երկու հայկական պետությունների դիվանագետների համար»,-ընդգծել է Մասիսի Մաիլյանը, հաղզորդում է Karabakh-Open-ը:





