«Մերձավոր Արեւելքում նկատվում է թուրքական գործոնի ակտիվացում: Վերջերս Լիբանան այցելեցին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը: Չմոռանանք, որ Թուրքիան իրեն առաջադրել էր մաս կազմելու համար ՄԱԿ-ի բազմազգ խաղաղապահ զորամիավորումներին, որոնք նախանցյալ ամառ Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմից անմիջապես հետո տեղակայվեցին հարավային Լիբանանում»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, գործող կառավարությունը վերջերս դիմել էր Թուրքիային, որպեսզի միջնորդական առաքելություն իրականացնի ներլիբանանյան կողմերի միջեւ` երկիրը փակուղուց դուրս բերելու համար: «Թուրք արտգործնախարար Ալի Բաբաջանն անձամբ մասնակցել է լիբանանյան դպրոցի բացմանը եւ հանդիպումներ է ունեցել լիաբանանյան քաղաքական տարբեր անձերի հետ: Այս երեւույթը պետք է դիտարկել միջին արեւելյան տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության գոտին ընդլայնելու ձգտումների տեսակետից: Թե ինչպե՞ս կիրականանան դրանք, ի՞նչ մակարդակով հաջողություններ կգրանցեն, դեռեւս հարցական է»,-ասել է Քանդահարյանը:





