AM
14 Դեկտեմբեր 2007 - 08:20 AMT

ՎՈՒԱՄ. Իրավիճակը Կոսովոյում չի կարող նախադեպ ծառայել «սառեցված» հակամարտությունների կարգավորման համար

ՎՈՒԱՄ կազմակերպությունն ակնկալում է ՄԱԿ-ի անդամ երկրներից այն դիրքորոշման հաստատումը, որ Կոսովոն չի կարող նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի, վրաց-աբխազական, վրաց-օսական հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Մենք հանգամանորեն քննարկել ենք այդ հարցը ՎՈՒԱՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: Բանաձեւի նախագիծն արդեն ներկայացվել է դեկտեմբերի սկզբին ՄԱԿ-ում, եւ այժմ խորհրդակցություններ են ընթանում մյուս երկրների հետ»,-հինգշաբթի սաել է նա լրագրողներին:

Ըստ նախարարի, նշված նախագծում ՄԱԿ-ի անդամ երկրներին առաջարկվում է ամրագրել «համաշխարհային հանրության շրջանում տարածված այն դիրքորոշումը, որ ՎՈՒԱՄ տարածքում հակամարտությունները պետք է կարգավորվեն այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Բանաձեւում մենք առաջարկում ենք հաստատել, որ եթե Կոսովոն չի կարող նախադեպ համարվել այլ հակամարտությունների լուծման համար, ապա բոլոր երկրները պետք է հաստատեն, որ «Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունները կարող են լուծվել միայն տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ընդգծել է ադրբեջանցի նախարարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: