AM
30 Հունվար 2008 - 11:58 AMT

Երեւանն ու Թել-Ավիվը գոհ են երկկողմանի հարաբերությունների մակարդակից

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլին եւ Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության փոխտնօրեն Իսրայել Մեյամիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Իսրայելի փոխգործակցության մակարդակից` նշելով, որ առկա է մեծ ներուժ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար: Դեսպանը խոսեց Հայաստանի գյուղատնտեսական եւ առողջապահական նախարարությունների հետ իրագործվող ծրագրերի մասին: Կարեւորեց նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի կանոնավոր հանդիպումների կազմակերպումը:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային զարգացումների շուրջ: Քննարկվեցին իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման ընթացքն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: