Փետրվարի 18-ին Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովի մոտ տեղի է ունեցել նիստ, նվիրված այն փաստաթղթի մշակմանը, որով Մերձդնեստրը հանդես կգա Կոսովոյի անկախացման առիթով: Ինչպես հաղորդել են չճանաչված հանրապետության ՆԳՆ-ում, քննարկվող հարցերից մեկն է` դիմումը ՄԱԿ-ին` 1990թ. սեպտեմբերի 2-ին հռչակված Մերձնդեստրի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:
Իրենց հերթին, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են անկախություն պահանջել ՄԱԿ-ից:
«Մենք արդեն ունենք ծրագիր, դա խաղաղ ծրագիր է, մենք կդիմենք եւ ՌԴ-ին եւ ԱՊՀ երկրների ղեկավարներին, մենք կպաշտպանենք անկախության մեր իրավունքը»,-հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը: Նա ընդգծել է, որ իրավիճակի պարադոքսը նրանում է, որ Վրաստանը դեմ է Կոսովոյի անկախությանը, երբ ամերիկացիները` կողմ են:
Իր հերթին Հարավային Օսեթիայի նախագահ Է.Կոկոյտին ասել է. «Կովկասում պատերազմի ամենամեծ վտանգը բխում է Վրաստանից: Արեւմուտքի երկրները հրաժարվում են ճանաչել Հարավային Օսեթիան եւ Աբխազիան` Ռուսաստանի հետ նրանց սերտ համագործակցության պատճառով»,-ասել է Կոկոյտին, հաղորդում է «Վեստին»:





