AM
23 Փետրվար 2008 - 11:38 AMT

Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորներ հերքել են ընդդիմությանը միանալու մասին հայտարարությունը

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Կարո Կարապետյանը եւ Տիգրան Ստեփանյանը հերքել են նախօրեին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում հնչած հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության վերը նշված անդամները միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարԺմանը: PanARMENIAN.Net-ում ստացված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք վրդովված ենք մեր անվան անհարկի շահարկումից եւ հարկ ենք համարում հանդես գալ որոշակի պարզաբանումներով: Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ հավատարիմ ենք «Բարգավաճ Հայաստանի» որդեգրած քաղաքականությանը, մենք կանգնած ենք մեր կուսակցության նախագահի կողքին, եւ երբեք չենք դավաճանելու մեր սկզբունքներին ու նպատակներին: Մենք ճամբարափոխ լինող մարդիկ չենք եւ զուր են մեզ տարբեր կարգի սադրանքների մեջ ներքաշելու փորձերը: Մենք ընդամենն ասել ենք, որ դեմ ենք երկրում անկայունության հրահրմանը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչը հարթակում կանգնած ուժերը որոշել են օգտագործել որպես իրենց հայտնած սատարում: Ազնիվ չէ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին սատարել է նախագահի միասնական թեկնածուի եւ մենք մեր սկզբունքները չենք փոխելու: Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումը հստակ է, եւ որեւէ մեկը իրավունք չունի մեր անունից հայտարարություն անելու: Մենք որեւէ մեկին նման լիազորություն չենք տվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամուր եւ կայուն է, իսկ այն սասանելու փորձերը` դատապարտված»: