Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցներն արդեն ավանդական դարձած երթ են կազմակերպել Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հակակառավարական կարգախոսներ են վանկարկել: Ցուցարարներն անցել են Մաշտոցի պողոտայով, Ամիրյանի փողոցով, Հանրապետության հրապարակով եւ վերադարձել են Ազատության հրապարակ: Երթի կազմակերպման կապակցությամբ Հայաստանի կառավարության շենքը Հանրապետության հրապարակում շրջապատվել է ոստիկանության կողմից: Իրավապահ մարմինների աշխատակիցները տեղեկացնում էին ցույցի մասնակիցներին, որ երթն արտոնված չէ եւ կոչ էին անում ցրվել:





