AM
26 Փետրվար 2008 - 14:46 AMT

Լեհաստանն ու Բելգիան ճանաչել են Կոսովոյի անկախությունը

Լեհաստանի կառավարությունը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, որը տարածաշրջանը հռչակել է փետրվարի 17-ին: Այդ մասին հաղորդել է ՏՎՆ 24 հեռուստաալիքը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Կոսովոյի անկախությունը ճանաչել է նաեւ Բելգիան: Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որի տեքստը անցյալ շաբաթ հավանություն է ստացել Բելգիայի Դաշնային կառավարության կողմից:

Սակայն Բելգիայի կողմից Կոսովոյի անկախության պաշտոնական ճանաչումը հնարավոր կլինի կայացած համարել Պրիշտինայում Բելգիայի դիվանագիտական գերատեսչության ուղած նամակն ստանալուց հետո, որը կհաստատի պաշտոնական Բրյուսելի որոշումը:

Նշենք, որ Սերբիան ետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչում են Կոսովոն: Տարածաշրջանի խորհրդարանը միակողմանի կարգով անկախություն է հռչակել Սերբիայից: