AM
29 Փետրվար 2008 - 13:16 AMT

Ռոբերտ Քոչարյան. Ես պատմել եմ ընդամենը 10-15 տոկոսն այն ամենից, ինչ գիտեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

«Ես լռում էի, քանի որ չէի ցանկանում օգտագործել Ղարաբաղի թեման նախընտրական քարոզարշավում: Սակայն Հայաստանի նախկին նախագահը դրդեց դրան, եւ ես անհրաժեշտ եմ համարել ինչ-որ բան պատմել: Ընդ որում, ես պատմել եմ իմ իմացածի 10-15 տոկոսը: Շատ ավելին կարող է պատմել Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության մասին պատերազմի ընթացքում Վազգեն Մանուկյանը»,- Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի նախկին նախագահին անգամ չեն ասել Շուշիի ազատագրման ամսաթիվը: «Երբ ես արդեն չեմ լինի նախագահ, ես ավելին կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը: Միեւնույն ժամանակ, նա տարօրինակ է համարել հանրահավաքին հավաքվածների ուրախությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության ժամանակ, որ «իշխանության բուրգն սկսել է քանդվել»: «Մարդիկ, ովքեր ուրախանում են սեփական երկրի «կործանմանը» իրենց այնպես են պահում, թե իբր ապրում են օտար պետությունում: Եւ ես հարցնում եմ ինքս ինձ. իսկ արդյո՞ք նրանք որեւէ ընդհանուր բան ունեն իրենց հայրենիքի հետ»,- ընդգծել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ ազատված աշխատակիցներին, ապա Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ նրանք բոլորը եղել են նախկին նախագահի հարազատներն ու ընկերները: «Մարդիկ, ում ազատել են ծառայությունից, դավաճաններ չեն: Նրանք պարզապես վերադարձել են Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, չնայած ես կարծում եմ, որ նրանք այնքան էլ ուրախ չեն իրենց քայլի առումով: Ինչպես հիշում եք, ես ազատել եմ աշխատանքից երկու դեսպանի եւ եւս մեկ փոխնախարարի, ԱԳՆ եւս 6 աշխատակիցների ազատել է արտգործնախարարը: Հիշեցնեմ ձեզ, որ 1998 թվականին, երբ ես դարձա նախագահ, մենք ոչ մեկին չենք անհանգստացրել. Վանո Սիրադեղյանի կինը, ինչպես նաեւ Արա Սահակյանի կինը մինչեւ հիմա աշխատում են եւ լավ են աշխատում, ես նրանց աշխատանքից ազատելու պատճառ չունեի: Նույնը կարող եմ ասել եւ Շահեն Կարամանուկյանի մասին: Ես ինձ համար ամոթալի համարեցի ընտանիքների միջոցով հաշվեհարդար տեսնել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: