AM
10 Մարտ 2008 - 09:23 AMT

Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ դիրքորոշումը Ղարաբաղի հարցով

Մարտի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտման դեպքերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում իրականացվելիք դիտարկման հետ կապված մի շարք հարցեր:

Երկուստեք ընդգծվել է զինադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ իրավիճակի ապակայունացման փորձերի անթույլատրելիությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տիրող իրավիճակին ու հեռանկարներին:

Նախագահը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը եւ նշել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Նույն օրը դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդիպել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: