AM
14 Մարտ 2008 - 11:09 AMT

ԱՄՆ-ն մտադիր է ՀՀՊ-ի ռադար տեղակայել Թուրքիայում

ԱՄՆ-ն մտադիր է հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայել Թուրքիայում: Ռուսական մամուլի տվյալներով, համապատասխան բանակցություններն ընթանում են փետրվարից, սակայն պաշտոնական մակարդակով այդ թեման կարծարծվի ապրիլի 3-4 Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Ինչպես հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջեֆ Մորրելը, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը փետրվարին Անկարա կատարած իր այցելության ժամանակ քննարկել է ՀՀՊ տարրերի տեղակայման հնարավորությունը թուրքական տարածքում Թուրքիայի բարձրագույն զինվորական եւ քաղաքական ղեկավարության հետ` պատճառաբանելով այդ քայլի անհրաժեշտությունն Իրանից բխող վտանգով: «Բանավեճի հիմնական թեման եղել է թուրքական բանակի ռազմական գործողությունն Իրաքում: Բացի այդ, թուրք զինվորականների, նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի հետ քննարկվել են ՀՀՊ-ի համակարգի ստեղծման ծրագրերը»,-պարզաբանել է Մորրելը:

Ինչպես եւ ակնկալվում էր, համաձայնության դեպքում Գեյթսը նյութական օգնություն է խոստացել Թուրքիային բանակի արդիականացման համար եւ շուրջ 1 մլրդ ներդրումներ թուրքական ռազմական ոլորտում ՀՀՊ-ի կառուցման համար:

Ավստրիայի ԶԼՄ-ների տվյալներով, շարժիչ ռադարի տեղակայումը Իրանի մերձակայքում թույլ կտա առավել ճշգրիտ եւ հստակ հետապնդել հրթիռները եւ տարբերել իսկական մարտագլխիկը մուլյաժից: Մինչ այժմ ԱՄՆ-ն օգտագործում էր միայն մեկ նման ռադար` այն գտնվում է Կալիֆորնիայում: Այդպիսով, արդեն առաջիկայում Ռուսաստանը կարող է ՀՀՊ-ի տարրեր ունենալ ոչ միայն իր սահմաններից դեպի արեւմուտք, այլ նաեւ դեպի հարավ ընկած տարածքում, հաղորդում է strana.ru-ն: