AM
15 Մարտ 2008 - 09:28 AMT

Նովրուզ Մամեդով. Ադրբեջանի նախագահը դեմ չէ հանդիպել Հայաստանի նոր նախագահի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ հանդիպել Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Եթե նման առաջարկություն ստացվի համանախագահներից, իսկ Ադրբեջանի նախագահը մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա պետության ղեկավարը կարող է դիտարկել այն»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու իր սկզբունքային համաձայնությունը Ադրբեջանի նախագահը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային տարածաշրջան նրա վերջին այցելության ժամանակ, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:

Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը կայացել է 2007 թվականի հուլիսին Սանկտ-Պետերբուրգում: Ապրիլի 9-ին սպառվում են Քոչարյանի նախագահական լիազորությունները, եւ պաշտոնը կանցնի Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, ով հաղթանակ է տարել փետրվարի 19-ին: