AM
23 Ապրիլ 2008 - 08:32 AMT

ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում կփոխանցի իր լիազորությունների մի մասը երկրամասի նոր իշխանություններին եւ ԵՄ-ին

ՄԱԿ-ի Կոսովոյի ժամանակավոր վարչակազմի գծով առաքելությունը պետք է իր լիազորությունների մի մասը փոխանցի երկրամասի նոր իշխանություններին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը` հավելելով, որ ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւն ուժի մեջ կմնա:

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կոսովոյի շուրջ ԱԽ-ի խորհրդակցությունների ավարտից հետո, Հալիալզադը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այժմ կոսովարները ձեռնամուխ են եղել «Ախտիսաարիի պլանի» կատարմանը եւ իշխանության նոր ինստիտուտների ձեւավորմանը: Նա ընդգծել է, որ հունիսի 15-ին ուժի մեջ կմտնի երկրամասի նոր սահմանադրությունը եւ, ակնհայտ է, որ Կոսովոյի կառավարությունն ավելի շատ իշխանություն եւ պատասխանատվություն կունենա, իսկ ՄԱԿ-ի լիազորությունները կկրճատվեն: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը կմնա Կոսովոյում, սակայն նրա դերը կփոխվի: «Այդ դերն արդեն իսկ փոխվել է: Այն ավելի շատ կփոխվի կարեւոր ուղղությունների առումով, երբ ուժի մեջ մտնի սահմանադրությունը»,-հայտարարել է Հալիլզադը: Նա հավելել է, որ աստիճանաբար ՄԱԿ-ի լիազորությունները երկրամասում կկրճատվեն, իսկ նոր իշխանությունների եւ Եվրամիության լիազորությունները` կընդլայնվեն:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշատական ներկայացուցիչ Ջոն Սոերսը հայտարարել է, որ Սերբիան ու Ռուսաստանը հրաժավում են ճանաչել իրականությունը` Կոսովոյի անկախությունը: Նա ուշադրություն է դարձրել, որ մի շարք պետություններ դա արել են, եւ նշել է, որ ի վերջո, երկրամասի անկախությունը բոլորը կճանաչեն, ինչպես դա եղավ Բանգլադեշի դեպքում: Սոերսը հայտարարել է նաեւ, որ հունիսի 15-ից հետո հարկավոր կլինի նոր որոշում կայացնել երկրամասում ՄԱԿ-ի դերի մասին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: