AM
12 Մայիս 2008 - 10:24 AMT

Ամենայն Հայոց կաթողիկոսը հրավիրել է Հռոմի Պապին Հայաստան

Իտալիա կատարած այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրավիրել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին այցելել Հայաստան, լինել Հայ Առաքելական եկեղեցու պատմական կենտրոն Էջմիածնում, հաղորդել է Սուրբ աթոռի մամլո ծառայությունը: «Ողջ հայ ժողովուրդը երջանիկ կլինի ընդունել Ձեզ բոլոր հայերի հոգեւոր կենտրոնում, որտեղ մենք միասին կկարողանանք մեր աղոթքն հղել առ Աստված»,-հայտարարել է Գարեգին Երկրորդը: Ուրբաթ առավոտյան Գարեգին Երկրորդը հանդիպեց Պապի հետ:

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկան էր ժամանել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հրավերով: Նրա այցն ուղղված է եղբայրական հարաբերությունների բարելավմանն ու երկու եկեղեցիների համագործակցությանը: Չորեքշաբթի, մայիսի 7-ին, Գարեգին Երկրորդին շնորհվեց Հռոմի Պապական Սալեզի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վատիկանի պետքարտուղար Տարչիզիո Բերտոնեն քրիստոնյաների միասնությանը աջակցող Պապական խորհրդի ղեկավար` կարդինալ Վալտեր Կասպերը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: