Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կընդգրկվի Կնեսետի օրակարգում խորհրդարանական արձակուրդներից հետո, որոնք ավարտվում են մայիսի 18-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավակյանը: Նրա խոսքերով, պատգամավոր Զեեւվ Էլկինը շարունակում է աշխատել այդ հարցը խորհրդարանում արծարծելու ուղղությամբ: «Ճիշտ է, մենք բախվում ենք ադրբեջանական լոբբիի դիմակայությանը: Իրականում, Իսրայելյան խորհրդարանի պատգամավորները, որոնք կարծես ներկայացնում են Բաքվի շահերը, գործում են Թուրքիայի հրահանգով: Ցավոք, Իսրայելը շատ է կախված Թուրւքիայից. դա եւ անվտանգության հարցն է, եւ ջրի եւ շատ այլ բաներ: Այնուամենայնիվ, Իսրայելի հայ համայնքը, որը կազմված է 3000 մարդուց, լավատեսորեն է տրամադրված: Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել Հայաստանի եւ Իսրայելի խորհրդարանական խմբերի միջեւ հանդիպումները: Մենք կարծում ենք, որ դա եւս կարող է իր դերը խաղալ Կնեսետում Հայոց ցեղասպանության քննարկման գործում»,- ասել է Ավակյանը:





