AM
13 Հունիս 2008 - 13:24 AMT

Քերոլայն Քոքս. Լեռնային Ղարաբաղը «սեւ անդունդ» անվանելը վիրավորական եւ անհեթեթ է

«Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում անցյալ շաբաթ եւ կարող եմ անձամբ պատասխանել մեղադրանքներին, որ «Ղարաբաղը հանդիսանում է սեւ անդունդ, որտեղ զենքի, թմրադեղերի, մարդկանց առեւտուր է գնում, փող են լվանում եւ կազմակերված հանցագործություն են տարածում»: Ստացվում է, որ հերոինի վաճառքը Լոնդոնի փողոցներում, զենքի առեւտուրը Փարիզի արվարձաններում, անչափահաս մարմնավաճառները Բեռլինում հայտնվում են այնպիսի կոնֆլիկտային գոտիներից, ինչպիսին Ղարաբաղն է: Նման մեղադրանքները վիրավորական են: Ղարաբաղի հայերը պաշտպանել են իրենց երկիրը Ադրբեջանի էթնիկ մաքրումներից կատաղի պատերազմի տարիներին 1991-ից 1994 թվականներին, եւ դա արտացոլված է հայտնի փաստաթղթերում»,- ասվում է դքսուհի Քերոլայն Քոքսի նամակում` ուղղված The Guardian բրիտանական թերթի խմբագրին: Նա նաեւ ընդգծում է, որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ իսլամական ահաբեկիչները կռվում էին Ադրբեջանի կողմից հայերի դեմ, ովքեր այսօր վերականգնում են ավիրված երկիրը ժողովրդավարական սկզբունքների համաձայն: «Ղարաբաղի ընտրությունները, ըստ անկախ դիտորդների, ազատ ու անկախ են անցել: Շատ տարիների ընթացքում ես աջակցել եմ նրան, որպեսզի հազարավոր հայեր այցելեն այդ պատմական շրջանը, մենք ճանապարհորդել ենք այս փոքրիկ շրջանում եւ յուրաքանչյուր այցելու ոգեւորված էր տեղացիների անկեղծությամբ եւ հյուրասիրությամբ: Իմ նամակը ուղղված է նրան, որպեսզի հերքեմ վիրավորական եւ անհեթեթ մեղադրանքները` հրապարակված ձեր թերթում»,- նամակում ընդգծում է դքսուհի Քոքսը:

Հունիսի 7-ին The Guardian-ում հրապարակվել է Ալեքսանդր Պետերսոնի հոդվածը, որում ասվում է, որ «չնայած Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է համարվում, առանց Հայաստանի օգնության այն երբեք չի կարող գոյատեւել: Լեռնային Ղարաբաղի տարածքը դարձել է սպառնալիքների գոտի, այնտեղ զարգանում է զենքի, թմրանյութերի եւ մարդկանց առեւտուրը, արմատանում է կազմակերպված հանցագործությունը, ինչը սպառնում է ոչ միայն տարածաշրջանին, այլեւ Եվրոպային: Այդ պատճառով Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն պետք է համապատասխան քայլերի դիմեն»,- գրում է Պետերսոնը: