Բրիտանական The Guardian-ում Լեռնային Ղարաբաղի մասին հրապարակված հոդվածի հեղինակ Ալեքսանդր Պետերսոնը կամ չունի ողջ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կամ էլ գիտակցաբար փորձում է խեղել փաստերը: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի հոդվածում` «Խեղաթյուրված փաստեր Լեռնային Ղարաբաղի մասին»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «էթնիկ-կրոնական բնույթի» չէ եւ չի հանդիսանում տարածքային վեճ, որտեղ «հայ քրիստոնյաները հանդես են գալիս մահմեդական թուրքերի դեմ»: Սա ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար է, նախնյաց հողի վրա ապրելու իրավունքի եւ սփական ճակատագրի տերը լինելու իրավունքի»,- գրում է Վահե Գաբրիելյանը:
Դեսպանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղը «սեւ անդունդ» չէ, ինչպես այն բնութագրել է Պետերսոնը: «Արցախը ժողովրդավարական պետություն է: Հանրապետությունը ձգտում է ամրապնդել քաղաքացիական հասարակությունը եւ ապահովել լիարժեք տնտեսական եւ մշակութային կյանք: Լեռնային Ղարաբաղն ունի անկախ պետության բոլոր տարրերը»,- նշել է հայ դիվանագետը: Վահե Գաբրիելյանի խոսքերով, ժամանակակից աշխարհում անվտանգության ապահովումը հանդիսանում է գլոբալ խնդիր եւ որպեսզի ապահովվի գլոբալ անվտանգությունը, սառեցված հակամարտությունները պետք է կարգավորվեն` հաշվի առնելով հակամարտության բոլոր կողմերի շահերը:
«ԼՂՀ ժողովրդի իրավունքի ճանաչումը իր ճակատագրի որոշման գործում կօգնի հակամարտության կարգավորմանը, իսկ ստոր քարոզչությունը եւ կողմերից մեկին վարկաբեկելու փորձերը միայն նոր խնդիրներ կծնեն»,- ամփոփել է Վահե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին The Guardian թերթում հրապարակվել է Ալեքսանդր Պետերսոնի հոդվածը, որում ասվում էր, որ «չնայած Լեռնային Ղարաբաղը անկախ է համարվում, առանց Հայաստանի օգնության այն երբեք չի կարողանա գոյատեւել, եւ բոլոր օկուպացված տարածքները միջազգային հանրության կողմից ճանաչվում են ադրբեջանական»: «Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ սպառնալիքների աղբյուր է դարձել: Նա սպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ եվրոպական երկրների քաղաքացիների համար: Բացի այդ, այդ իրադրությունը պայմաններ է ստեղծում թմրադեղերի, մարդկանց առտեւտրի համար, փոխ լվանալու, կազմակերպված հանցագործություն տարածելու համար: Այդ պատճառով ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը պետք է լուրջ ջանքեր ներդնեն այդ սպառնալիքները վերացնելու համար»,- գրում է Պետերսոնը:





