Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդիուն կիրակի ստորագրել է տարածաշրջանի առաջին օրենքները, ինչը նշանակում է նոր սահմանադրության ուժի մեջ մտնելը: Ստորագրված օրենքների փաթեթը ներառում է 41 փաստաթուղթ: Դրանք բոլորը ժամանակին անցել են խորհդարանով եւ նախատեսված էին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագրով, ով Կոսովոյի համար առաջարկել էր «անկախ պետության կարգավիճակ միջազգային վերահսկողությամբ»:
Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Կոսովոյի իշխանությունները իրենց վրա են վերցրել բոլոր պետական գործառույթներն ու պարտավորությունները, բացառությամբ նրանց, որոնք պետք է մնան ՄԱԿ-ի առաքելության լիազորություններում` դատական համակարգն ու ոստիկանությունը: Ըստ Սահմանադրության, տարածաշրջանում թույլատրվում է Կոսովոյի հարցով ԵՄ ներկայացուցչի ներկայությունը, որը հետեւելու է Ախտիսաարիի ծրագրի իրականացմանը եւ կարող է իրականացնել «խորհրդատուի» գործառույթները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանը փետրվարի 17-ին միակողմանի կարգով անկախություն է հռչակել: Բացի Սերբիայից եւ Ռուսաստանից Կոսովոն հրաժարվել են ճանաչել Չինաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, Հունաստանը եւ բազմաթիվ այլ երկրներ: Այդ պետությունների կարծիքով, միակողմանի հռչակումը միջազգային իրավունքների կոպիտ խախտում է:
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, որ Բելգրադը չի ճանաչում Կոսովոյի նոր սահմանադրությունը, որը նա անօրինական է անվանել: Կոսովոյի սերբերը եւս դեմ են փաստաթղթին:





