ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը հաշվետու զեկույցով է հանդես եկել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Կարլ Բիլդտը նշել է, որ իր ղեկավարած կառույցը մշտապես իր հսկողության տակ է պահում իրավիճակը կովկասյան տարածաշրջանում: «Ընտրություններն այդ երկրներում որոշ խախտումներով են անցել: Անհրաժեշտ է հասնել նրան, որ այդ խախտումները շտկվեն եւ հասնել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»:
Կ.Բիլդտը ընդգծել է, որ Եվրոպայի Խարհուրդը հիմնարար նշանակություն է տալիս Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Կասկած չի հարուցում այն փաստը, որ Աբխազիային ապագայում լայն ինքնավարություն կտրամադրվի, եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չպետք է կասկած հարուցի, քանի որ դա կարող է վտանգավոր լինել տարածաշրջանի կայունության համար»: Պատասխանելով պատգամավոր Գանիրա Փաշաեւայի այն հարցին, թե ինչու Եվրոպայի Խորհուրդը չի պահանջում Հայաստանից «կատարել իր ստանձնած պարտավորությունը` ադրբեջանական հողերն ազատելու մասին», ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի մտնում ԵԽ լիազորությունների մեջ: «Կարող եմ միասյն ասել, որ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են եւ բոլորովին վերջերս Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը: Սակայն ես տեղեկություններ չունեմ այդ հանդիպման արդյունքների մասին: Ուղղակի կարող եմ ասել, որ մենք պետք է աջակցենք նման հանդիպումներին, որոնք կարող են արագացնել հակամարտության կարգավորումը»,-հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:





