AM
26 Հուլիս 2008 - 12:35 AMT

Հրանտ Դինքը դիմել էր ոստիկանություն` զենք կրելու իրավունք ստանալու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել

2007թ. հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը դիմել էր ոստիկանություն` զենք կրելու իրավունք ստանալու խնդրանքով, քանի որ մշտապես սպառնալիքներ էին հնչում իր հասցեին: Այդ մասին ասվում է Դինքի սպանության հետաքննությամբ զբաղվող խորհրդարանական ենթահանձնաժողովի հաղորդագրության մեջ: «Սակայն մերժում էր ստացել»,-ասվում է հաղորդագրության մեջ, որտեղ հղում կա տեղեկատուի վրա, որը հայ է ազգությամբ: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, այդ անձը մոտ է եղել Դինքի հետ եւ տեղեկություններ է հայտնել ոստիկանությանը: «Այդ տեղեկությունները ստացվել են տեսուչներ Շուքրյու Յըլդըզից ու Մեհմետ Ալի Օզքըլինչից, որոնք ուսումնասիրել են հնարավոր պաշտոնական անփութությունը Դինքի սպանության գործում»,-գրում է թերթը: Տեղեկություններ տրամադրող անձը հիշատակվել է որպես Ն.Ա. Նա նաեւ ասել է, որ հստակ չի իմացել թե կոնկրետ ուր է դիմել Դինքը զենք կրելու իրավունք ստանալու համար: Այդ տեղեկությունը հաստատել է Դինքի ընտանիքի փաստաբան Էրդալ Դողանը: «Այն մարդը, որը պնդում էր, որ սպառնալիքների է ենթարկվում, զենք է խնդրել եւ այն կրելու իրավունք չի ստացել, հետեւաբար, այս դեպքում խախտվել են մարդու իրավունքները: Հայկական անուն կրող տեղեկատուի տրամադրած տեղեկությունը հստակ է»,-հայտարարել է սպանվածի եղբայր Օրհան Դինքը:

Մինչդեռ, տեսուչներ Շուքրյու Յըլդըզն ու Մեհմետ Ալի Օզքըլինչը իրենց զեկույցում գրել էին, թե ոչ մի դիմում Դինքից զենք կրելու իրավունք ստանալու խնդրանքով չեն ստացել: