AM
1 Սեպտեմբեր 2008 - 09:38 AMT

Turkish Daily News. Աբդուլլահ Գյուլը կժամանի Երեւան` դիտելու ֆուտբոլային խաղը

Այս շաբաթ Երեւան կմեկնի թուրքական դիվանագիտական պատվիրակությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան նախապատրաստելու նպատակով: Պատվիրակությունը կզբաղվի անվտանգության հարցերով եւ այն խնդիրներով, որոնք կքննարկվեն Երեւան Գյուլի այցի ժամանակ: «Ես պատվիրակություն են գործուղում Երեւան, քննարկելու համար Գյուլի այցը»,-հայտարարել է արտգործնախարար Ալի Բաբաջանը: Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը, Բաբաջանը, սակայն, հրաժարվել է անվանել պատվիրակության կազմն ու Երեւանում քննարկվելիք խնդիրների շրջանակը: Թերթը հիշեցնում է, որ ժամանակ առ ժամանակ հայ եւ թուրք դիվանագետները հանդիպում են երրորդ երկրներում, վերջին հանդիպումն եղել է ընթացիկ տարվա հուլիսին Բեռնում:

«Գյուլն այնուամենայնիվ որոշել է մեկօրյա այցով մեկնել Հայաստան, այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարարը նրան զեկույց ներկայացրեց, որտեղ նշված էր, որ եթե Գյուլը հրաժարվի հրավերից, դա վատ կանդրադառնա երկրի իմիջի եւ պետական շահերի վրա: Ըստ զեկույցի հեղինակների, այցի անհրաժեշտության պատճառներից մեկը լարվածությունն էր տարածաշրջանում Վրաստանի իրադարձությունների կապակցությամբ: «Այցը բարենպաստ անդրադարձ կունենա «Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմի» գաղափարն առաջ տանելու վրա եւ, հետեւաբար, հակամարտությունը տարածաշրջանի շրջանակներում «պահելու» հնարավորության վրա»,-գրում է թուրքական թերթը:

Հոդվածում ասվում է, որ Գյուլի այցը Հայաստան չի վնասում Ադրբեջանի շահերին: «Այցը այն բանի ապացույցը կլինի, որ Թուրքիան բարեկամաբար է տրամադրված Հայաստանի հանդեպ, ինչը ավելի տեսանելի կդարձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները»:

Ընդդիմության առաջնորդ, թուրքական Ժողովրդական-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալն իր հերթին գտնում է, որ Թուրքիայի նախագահը չպետք է Երեւան մեկնի եւ գտնում է, որ այդ այցը «թուրքական աշխարհի շահերին դավաճանություն կլինի»: Նրա կարծիքով, այցը հրահրված է ԱՄՆ-ի կողմից, Թուրքիային Ադրբեջանից կտրելու նպատակով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին միասին դիտելու սեպտեոմբերի 6-ին Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ, որ կայանալու է 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Թուրքիայի նախագահն ընդունել է հրավերը:

Երկու երկրների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ. ի վեր Թուրքիայի կողմից` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: