«Կոսովոյի դեպքում եզակի ոչ մի բան չկա: Այն նույնքան «եզակի է», որքան Սուդետների անջատումը Չեխոսլովակիայից 1938թ.` այդ երկրի հետագա մասնատման նախաշեմին: Ավելին, ոչ մի ինքնորոշում Կոսովոյում չի եղել` միթե՞ այնտեղ հանրաքվե է անցկացվել: Ոչ, եկել են ՆԱՏՕ-ի զորքերը եւ «յուրացրել» այդ բնիկ սերբական երկրամասը, ինչպես 1920-21թթ. արեցին թուրքերն ու բոլշեւիկները Նախիջեւանում` դա հայկական Կոսովոն է»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը: Նրա խոսքերով, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյում չի եղել եւ չկա ոչ մի կարգավորում բուն Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ, կա զուտ ուժի թելադրանք դրսից, որն ակնհայտորեն հակասում է ՄԱԿ-ի ԱԽ այդ հարցով ընդունած 1244 բանաձեւին:
«Այնպես որ, ըստ իս, ոչ մի եզակիություն ու «նախադեպ» Կոսովոյի դեպքում իրոք չկա: Իսկ երկրամասի անկախության ճանաչման միակողմանի ակտը կարող է ազդել եւ, համոզված եմ, կազդի հակամարտությունների, այդ թվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,-գտնում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը:





