Այսօր Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի եւ ՌԴ-ի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող խնդիրներ: ՌԴ նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը, այն է` հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ինչպես նաեւ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացին:
Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման շրջանակներում քննարկվել են նաեւ տնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրներ եւ նախագահները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների եւ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների վերջին տարիներին արձանագրվող աճը: Նախագահները քննարկել են նաեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր:





