Հայ եւ թուրք դիվանագետների շփումներ միշտ էլ եղել են եւ որեւիցե արտառոց բան չկա այդ հանդիպումների մեջ, հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում:
Ավելի վաղ թուրքական Turkish Daily News-ը հաղորդել էր, որ այս շաբաթ Շվեյցարիայում տեղի են ունենում Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հանդիպումները: Արտգործնախարարի տեղակալներ Էրթոգրուլ Ափաքանը եւ Ունալ Չեվիքոզը Բեռնում հայ գործընկերների հետ հանդիպելու համար կիրակի օրը մեկնել են Շվեյցարիա, որտեղ նախկինում` մայիս եւ հուլիս ամիսներին արդեն տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ: Դիվանագետները քննարկում են Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայանալիք հանդիպումը: Եթե ամեն ինչ հաջող լինի, կողմերը կստորագրեն «բարի կամքի» հռչակագիր: Հռչակագիրը կհայտարարվի սեպտեմբերի 23- հոկտեմբերի 1 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի եւ իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ:





