Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ երկխոսություն կհաստատվի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, ներկայումս նոր դարաշրջան է բացվել հայ-թուրքական հարաբերություններում: «Սակայն մեր հարաբերություններում կան մի շարք չլուծված խնդիրներ, ինչպիսիք են 1915թ. իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք նաեւ չունենք դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է թուրքական ԱԳՆ-ի ղեկավարը, հաղորդում է NTV-turk-ը:
Նա նաեւ ասել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններում քննարկվել են Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ: «Թվում է, թե Հայաստանն «անցել է շեմը»: Մեր տպավորությունը բանակցություններից այնպիսին է, որ Հայաստանը հստակ քաղաքական ցանկություն ունի լուծելու ղարաբաղյան հիմնահարցը: Եվ մենք պատճառներ ունենք լավատեսության համար»,-ընդգծել է Ալի Բաբաջանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, թե մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններում: Ավելի վաղ Գյուլը հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ գործում է արդեն շուրջ 17 տարի, չկարողացավ էական արդյունքների հասնել»: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա հարցերը ոչ միայն երկկողմանի հարցեր են, դրանք տարածքային հարցեր են:





