AM
20 Սեպտեմբեր 2008 - 09:39 AMT

2008թ. հարձակումներն ազգային հողի վրա Ռուսաստանում նվազել են

2008թ. հարձակումներն ազգային հողի վրա Ռուսաստանում նվազել են: Այդ մասին հայտարարել է «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Գալինա Կոժեվնիկովան: Ըստ իրավապաշտպանների, Մոսկվայում սափրագլուխների հարձակումների թիվը կրճատվել է գրեթե երկու անգամ:

Կոժեվնիկովան հաղորդել է, որ ազգային հողի վրա կատարված հանցագործությունների արդյունքում 2008թ. զոհվել է 71 մարդ, եւս 268-ը վիրավորվել են: Ավելի վաղ մեկ այլ կազմակերպություն` Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոն այլ տվյալներ էր ներկայացրել: Նրա տնօրեն Ալեքսանդր Բրոդը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ տարեսկզբից ի վեր այլատյացության եւ ռասայական անհանդուրժողականության հողի վրա կատարված հարձակումների արդյունքում զոհվել է 73 մարդ:

Ըստ «Սովա» կենտրոնի, 2008թ. կատարվել են վանդալիզմի 50 գործողություններ կրոնական օբյեկտների հանդեպ: Կոժեվնիկովան հաղորդել է 20 հարձակումների մասին հրեաների կրոնական օբյեկտների, 11-ը` ուղղափառ եւ 5 հարձակումների մասին մահմեդական օբյեկտների վրա:

Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով, 2008թ. ամենից հաճախ հարձակվել են ուզբեկների, կիրգիզների, տաջիկների ու ադրբեջանցիների վրա: Հանցագործությունների զոհերի թվում կան նաեւ ռուսներ: Իրավապաշտպանները պնդում են, թե Ռուսաստանում գործում են տասնյակ հազարավոր սքինհեդներ եւ այլ ծայրահեղական-ազգայնական կազմակերպությունների ակտիվիստներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: