«Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ուշադիր ուսումնասիրել է ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար ներկայացրած Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունը եւ հայտարարություն է տարածել Սենատում»,-PanARMENIAN.Net-ին է հաղորդել ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ Համբարյանի, հայտարարության մեջ թվարկվում են ամերիկա-թուրքական քաղաքականության տապալման 10 դեպքեր: «Ձախողում է համարվում այն, որ Թուրքիան 2003թ. հրաժարվեց կենսականորեն կարեւոր միջանցք բացել ԱՄՆ-ի բանակի համար Իրաքում պատերազմի ժամանակ: ԱՄՆ-ի լռելյայն հավանությունը, երբ Թուրքիան ներխուժեց Հյուսիսային Իրաք, որը սպառնում է ապակայունացնել իրավիճակը Իրաքյան Քրդստանում»,-ասել է Համբարյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը մեղավոր է նրանում, որ նվազել է թուրք հանրության վստահությունը ամերիկացիների հանդեպ` ԱՄՆ-ին, ըստ Pew Research Center-ի տվյալների, վստահում է Թուրքիայի բնակչության շուրջ 12 տոկոսը:
«ԱՄՆ-ն սխալ գործեց, պաշտոնանկ անելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու պատճառով»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրենը, նշելով նաեւ, որ Բուշի վարչակազմը, վախենալով Թուրքիայի շանտաժից, դեմ եղավ Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսում:
Արամ Համբարյանը գտնում է նաեւ, որ ԱՄՆ-ն հրաժարվում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա` Հայաստանին ապաշրջափակելու համար: «ԱՄՆ-ն չի պնդում, որ փակվի Թուրքիայում գործող Halki աստվածաբանական ճեմարանը, ջանքեր է գործադրում օրինականացնելու համար Կիպրոսի ապօրինի օկուպացիան թուրքական զորքերի կողմից, նաեւ չկա դիրքորոշում Իրանի եւ Սիրիայի հետ Թուրքիայի կապերի ամրապնդման վերաբերյալ: Եվ, վերջապես, պետք է նշել այն խայտառակ լռությունը, որ տիրում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, հատկապես 2007թ. հունվարին լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով, որը հնարավոր դարձավ լրագրողի դատական հետապնդման եւ ահաբեկման արդյունքում»,-ասել է Համբարյանը:





