AM
22 Սեպտեմբեր 2008 - 10:58 AMT

Թուրքական մամուլը դեմ է երկրի վարչապետի գործողություններին

Թուրքական մամուլը բողոքում է վարաչպետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի գործողությունների դեմ: «Վարչապետը ցանկանում է սահմանափակել խոսքի ազատությունը երկրում եւ խոչընդոտում է ժողովրդավարության զարգացմանը»,-հայտարարել են Թուրքիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Թուրքական հրապարակումները խստորեն քննադատել են Էրդողանի կոչը` բոյկոտել թուրքական մամուլն ու արշավ սկսել ԶԼՄ-ների դեմ: «Թերթերը կեղծ պատմություններ են հրապարակում, նրանք կորցրել են իրենց եւ պատասխանատու չեն իրենց նյութերի համար: Մի տարեք դրանք տուն եւ մի գնեք»,-նախօրեին հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով իշխող Արդարության եւ զարգացման իսլամիստական կուսակցության պատգամավորների առջեւ: Թուրքիայի վարչապետի հայտարարությունը կապված է նրա հետ, որ Թուրքիայի ամենաազդեցիկ «Հյուրիեթ» թերթը մի շարք նյութեր է հրապարակել իշխող կուսակցության պաշտոնյաների կաշառակերության եւ խարդախությունների մասին, որոնք իբր անձնական նպատակներով միլիոնավոր դոլարներ են օգտագործել հասարակական հիմնադրամից, որ ստեղծվել էր կարիքավոր քաղաքացիներին օգնելու նպատակով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: