AM
22 Սեպտեմբեր 2008 - 11:48 AMT

Ալեքսեյ Վլասով. Մոսկվան պետք է ակտիվացնի իր խաղաղարար ջանքերը Ղարաբաղի հարցում

Դեռեւս վաղաժամ է խոսել Մոսկվայի քաղաքականության մեջ «կովկասյան վեկտորի» ձեւավորման մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման լրատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Նրա կարծիքով, այժմ Մոսկվան պետք է ակտիվացնի Լեռնային Ղարաբաղի գծով իր խաղաղարար ջանքերը, ցույց տալով «խոսքի դիվանագիտության» իր կարողությունները, այլ ոչ միայն ուժի:

«Սակայն ուր է այն ծրագիրը, որը կարող է հաշտություն բերել այդ չափազանց ցավոտ խնդրում: Երեւանը դեռեւս ազդանշաններ չի տալիս զիջումներին պատրաստ լինելու մասին, իսկ ՀԱՊԿ-ի գծով իր դաշնակցին համոզելու համար (եւ հետո արդյոք հարցը այս կերպ է դրվում), Ռուսաստանին կարող է շատ ժամանակ պահանջվել: Եվ որքանո՞վ է հեռանկարային Ռուսաստանի մասնակցությունը Ղարաբաղի գծով խաղաղարար գործընթացին առանց այլ առաջատար տերությունների մասնակցության ու աջակցության: Իսկ հարաբերություններն Արեւմուտքի հետ կարող են այնքան վատթարանալ, որ գուցե Երեւանն ու Բաքուն ստիպված լինեն միջնորդի դեր ստանձնել: Ուստի, ելնելով վատ խաղաղության եւ լավ վեճի մասին հին սկզբունքից, մեծ է գայթակղությունը թողնել ամեն ինչ, ինչպես կա, այսինքն «խորը սառեցման» վիճակում»,-ասել է Վլասովը:

Ռուս փորձագետը նշել է նաեւ, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը վճռական դեր են խաղում հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման գործում: «Սակայն, որքան խորն են տարաձայնությունները Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ, այնքան մշուշոտ են ջանքերը միավորելու հույսերը: Այս առումով ես հոռետես եմ: Հատկապես եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթեն հանրապետականները: «Ռուսաստանին փակագծերից դուրս թողնելու» քաղաքականությունը կշարունակվի, իսկ դա նշանակում է, որ ոչ մի արդյունավետ համագործակցության, միջնորդության մասին խոսք չի լինի: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հարցն այնքան է բարձիթողի արվել, որ պահանջվում են բազմամյա հավաքական ջանքեր փակուղուց դուրս գալու համար, իսկ Արեւմուտքի ձգտումը լուծել ամեն ինչ «ստանդարտ մոդելների» միջոցով» լավ չի ավարտվի»,-ընդգծել է Վլասովը, հաղորդում է Day.az-ը: