Իսրայելը հարված կհասցնի Իրանին, քանի դեռ վերջինս միջուկային ռումբ չունի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները իսրայելյան «Հաարեց» թերթին տված հարցազրույցում` Իսրայել եւ պաղեստինյան տարածքներ իր երկօրյա այցի ժամանակ: Նա նաեւ նշել է, որ մեկ ռումբի ձեռք բերումը հազիվ թե փրկի Իրանին հարեւանի հարձակումից: «Նրանք մինչ այդ կուտեն նրան: Հենց դրանում է վտանգը»,-հավելել է նախարարը:
Բերնար Քուշները նշել է, որ միջուկային Իրանի գոյությունը ժամանակակից աշխարհում անընդունելի է եւ շեշտը դրել է Ֆրանսիայի համառ փորձերի վրա, որը ջանում է համոզել իսլամական հանրապետության ղեկավարությանը հրաժարվել միջուկային ծրագրից: Ըստ նախարարի, բանակցություններն ու պատժամիջոցներն արդյունք չտվեցին, սակայն ռազմական ուժի կիրառումը եւս ելք չէ: «Պատերազմը երբեք ելք չէ: Ես գիտեմ, որ երբեմն դա կիրառվում է: Սակայն, անկեղծ ասած, դա այն չէ, ինչ մեր լիակատար հավանությանը կարող է արժանանալ»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:
Նրա կարծիքով, հարկավոր է դաշնակիցներ որոնել հենց Իրանում, փորձել մեկուսացնել Մահմուդ Ահմադինեժադին եւ համոզել երկրի բնակչությանը, որ այն անհրաժեշտ է արդիականացնել: Սակայն թե Իրանում հատկապես ում հետ է պետք երկխոսության մեջ մտնել եւ ում շրջանում դաշնակիցներ որոնել, ֆրանսիացի նախարարը չգիտի. «Նրանք ազգայնականներ են, որովհետեւ դա մեծ երկիր է: Մենք պետք է հաշվի նստենք դրա հետ եւ շարունակենք խոսել նրանց հետ: Բայց ո՞ւմ», գրում է «Կոմերսանտը»:





