AM
27 Հոկտեմբեր 2008 - 11:19 AMT

ԵՄ. Թուրքիայի եւ Հայաստանի լավ հարաբերությունները կնպաստեն ողջ տարածաշրջանի զարգացմանը

Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ հանգուցալուծմանը, եւ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին այսօր Երեւանում մեկնարկած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, սեւծովյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի ԵՄ-ի համար, հատկապես, անվտանգության ապահովման եւ առեւտրատնտեսական համագործակցության տեսակետից:

«Սեւծովյան տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել: Այսօր տարածաշրջանում գոյություն ունեն մարտահրավերներ, որ կարող են հաղթահարվել միայն երկխոսության միջոցով եւ ԵՄ-ի գերակայություններից մեկը կայունության եւ խաղաղության հաստատումն է տարածաշրջանում»,-նշել է Պ.Սեմնեբին եւ հավելել, որ ԵՄ-ն ամեն կերպ կխորացնի եւ կամրապնդի համագործակցությունը սեւծովյան տարածաշրջանի երկրների հետ:

Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչն իր ելույթում ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի քայլերն, ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու նշեց, որ լավ հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի զարգացմանը: